Պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ի կեսօրին։
Թաղման հանձնաժողովի որոշմամբ՝ Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ժամը 17-21-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հաջորդ օրն առավոտյան սգո թափորը կշարժվի դեպի Կոթի, ասված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։
Հանձնաժողովի նիստը կայացել է այսօր։
Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում, նրա ընտանիքն այդ մասին հաղորդել էր հաջորդ օրը։ Աճյունի՝ Հայաստան տեղափոխման հարցում բարդություններ էին առաջացել, քանի որ նա արտասահմանում այլ անունով է ապրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ օնլայն ասուլիսի ժամանակ ասաց․ – «Կարծում եմ, որ հանձնաժողովը որոշումներ կկայացնի, և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան»։
Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ, ստեղծվել է Փաշինյանի նոյեմբերի 2-ին ստորագրած որոշմամբ։