Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների վերագործարկման հարցում ժամանակը սպառվում է, այսօր Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է այդ կառույցի ղեկավար Ռաֆաել Գրոսին։ Ամփոփելով նախօրեին Թեհրան կատարած այցը` գործակալության ղեկավարը նշել է, որ բանակցությունները «շատ ինտենսիվ և կառուցողական բնույթ են կրել, սակայն դրանք որևէ էական արդյունքի այդպես էլ չեն հանգեցրել»։
«Խնդիրը դեռ օրակարգում է, բանակցությունները շարունակվում են։ Չնայած իմ գործադրած բոլոր ջանքերին` մենք երեկ այդպես էլ չկարողացանք ընդհանուր հայտարարի գալ», – նշել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների հավաքը հրավիրվել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շեմին։ Դրանք վերսկսվելու են նոյեմբերի 29-ին Վիեննայում։