Նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, հաղորդում են Գլխավոր դատախազությունից:
Ըստ հաղորդագրության` Ջերմուկի տեղամասում ադրբեջանական կողմն անակնկալ հարձակվել է ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն «վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։
Իսկ արդեն նոյեմբերի 22-ին ձերբակալվել են զորամասի մեկ պայմանագրային զինծառայող և գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն, վերջինիս մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, ըստ հաղորդման, նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
«Բանակային կորպուսի հրամանատարի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։
Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ», – փոխանցում է Գլխավոր դատախազությունը: