Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Երևանը խնդրել է միջնորդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցով, Ռուսաստանը պատրաստ է գործել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման գործընթացի մեկնարկը, մեր կարծիքով, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը», – ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը շաբաթասկզբին «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց։
Զախարովան այսօր նաև նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու ուղղությամբ։
«Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, կայունության ամրապնդման ուղղությամբ։ Հատուկ ուշադրությունը, իհարկե, այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։