Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ուզում եմ շատ կարճ ձեզ տեղեկացնել իմ քննարկումների արդյունքների մասին՝ ղարաբաղյան կարգավորման և այն համաձայնությունների շուրջ, որոնք ձեռք են բերվել այսօր մեր գործընկերների հետ», – նիստի մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահը։
Այսօր Սոչիում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր, թե հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։ Դրանցից մեկը, ըստ Կրեմլի ղեկավարի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը, որի մանրամասները կհայտարարեն այս հարցով զբաղվող փոխվարչապետերը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Բացի այդ, ըստ Պուտինի, համաձայնություն է ձեռք բերվել նաև հումանիտար հարցերով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։
Երեք երկրների ղեկավարները բանակցությունների ավարտին նոր եռակողմ հայտարարություն են ընդունել։