Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը

«Մենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպել ենք Սոչիում և քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:

Հաստատում ենք Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին անշեղորեն հետևելու հանձնառությունը:

Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված կլինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների արագ կարգավորմանը:

Նշել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման կարևոր ներդրումը տարածաշրջանի իրավիճակի կայունացման և անվտանգության գործում:

Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ՝ երկու կողմերի հայտով Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ:

Բարձր ենք գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի մակարդակով կազմված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Ընդգծել ենք, տարածաշրջանի տնտեսական կարողության զարգացման համար անհրաժեշտ կոնկրետ ծրագրերի արագ գործարկման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի Դաշնությունը հետագայում էլ անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների բարելավման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button