Հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդներն այսօր համաձայնության են եկել: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո։
Պուտինը նշել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական միջանցքների, առաջին հերթին՝ երկաթուղային և ավտոճանապարհների ապաշրջափակման մասին», – ասել է Պուտինը։
Հայաստանի վարչապետը ևս գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ «Մենք քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը։ Սա հանդիպում էր ոչ թե հարցերը թաքցնելու, այլ՝ դրանք բաց քննարկելու համար։ Շատ դրական է, որ մի շարք հարցերի շուրջ հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ չկան թյուրընթերցումներ, ինչպես թվում էր մինչ այդ», – նշել է Փաշինյանը:
Բացի այդ, կողմերը, ըստ Ռուսաստանի նախագահի, համաձայնել են նաև մինչև այս տարվա վերջ մեխանիզմներ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ «Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ արագ»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով, կողմերին հաջողվել է նաև առաջընթաց արձանագրել մարդասիրական հարցերի կարգավորման ուղղությամբ։ Մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։