Աշխարհի նորանոր պետություններ են հայտարարում կորոնավիրուսի նոր հայտնաբերված տարբերակի տարածումը կանխելու նպատակով կիրառվող հակահամաճարակային սահմանափակումների մասին։ Ուրբաթ ուշ երեկոյան պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց Հարավային Աֆրիկայի և տարածաշրջանի ևս յոթ պետությունների քաղաքացիների մուտքը երկրի տարածք արգելելու մասին։
Այսօրվանից աֆրիկյան մայրցամաքի հարավից Միացյալ Նահանգներ կարող են վերադառնալ բացառապես ԱՄՆ քաղաքացիներն ու մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Այսօր նմանատիպ որոշում է կայացրել նաև Ավստրալիայի կառավարությունը։
Պատճառը Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում հայտնաբերված Covid -19-ի նոր շտամն է, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն իսկ ստացել է «Օմիկրոն» անվանումը։ Հարավային Աֆրիկայի իշխանությունները, սակայն, ձեռնարկված քայլերը համարում են վաղաժամ և չարդարացված։
«Դա սխալ, մոլորեցնող մոտեցում է, որը հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերին։ Մեր տպավորությամբ` մի շարք պետությունների ղեկավարներ ցանկանում են քավության նոխազ գտնել, որին հնարավոր կլինի մեղադրել գլոբալ խնդիրների ծագման համար», – նշել է է Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Փհահլան։