Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել, «Ազատությանը» փոխանցում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողներից չորսի վերաբերյալ դիմումներն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը ուղարկել էին ՄԻԵԴ` ակնկալելով, որ Եվրադատարանը հրատապ միջոցներ կկիրառի և կդիմի Բաքվին՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։
Նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերեվարված զինծառայողներից մեկը երեկ վերադարձվել է հայկական կողմին:
11 օր անց էլ հայկական կողմը դեռ ճշգրիտ թիվ չի հրապարակում գերեվարվածների կամ զոհերի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը նոյեմբերի 23-ին լրատվամիջոցների հետ անուղղակի շփման ժամանակ տեղում հաշվեց ու հայտնեց՝ չճշգրտված տվյալով 32 գերեվարված կա։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը 6 զոհի մասին էր հայտնել։