Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ուշադրությամբ հետևել ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ստեղծված կացությանը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ առաջիկայում դաշինքի անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մանրամասնորեն կքննարկեն Մոսկվայի և Կիևի հարաբերություններում նկատվող լարվածությունը։
«Մենք քննարկելու ենք Ուկրաինայի շուրջ ռուսական բանակի շարունակվող կուտակումների հարցը։ Ընթացիկ տարում երկրորդ անգամ արդեն Ռուսաստանը տարածաշրջանում ուժերի մեծ ու անսովոր կուտակում է նախաձեռնում։ Խոսքը տանկերի, հրետանու, մեխանիզացված ստորաբաժանումների, անօդաչու սարքերի, էլեկտրոնային պայքարի համար նախատեսված համակարգերի, ինչպես նաև մարտական բարձր պատրաստության վիճակում գտնվող ուժերի մասին է։
Զորքերի նման կուտակումը որևէ սադրանքի արդյունք չէ, և մեծացնում է սխալ հաշվարկների ռիսկը», – Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը: