Ալիևը և Էրդողանը կրկին խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Loading...

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Աշգաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը, հիշեցնելով, որ կազմակերպության նախորդ գագաթնաժողովի ժամանակ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, շարունակել է․ — «Այսօր ես կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ պետությունները կօգտագործեն այդ միջանցքը»։

Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, նույն աղբյուրի վկայությամբ, հայտարարել է, թե հայտնի է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը, և ընդգծել, որ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի առաջիկա բացման մասին պաշտոնական Բաքվի և Անկարայի բազմաթիվ հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա», նույնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև նոյեմբերի 23-ի օնլայն ասուլիսի ժամանակ։ «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք», — ընդգծեց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Չի լինելու այդպիսի բան, բայց մյուս կողմից` Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային ու ավտոմոբիլային կապը վերականգնվի: Այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ, տվյալ դեպքում, Նախիջևանի մասին չէ խոսքը, խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, ես հույս ունեմ` ճիշտ կհասկացվեմ՝ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի»։

Պաշտոնական Մոսկվան նույնպես, անդրադառնալով «Զանգեզուրյան միջանցքի» մասին լուրերին, հայտարարել է՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունում ևս «միջանցք» բառը բացակայում է։ Սպասվում է, որ նոր պայմանավորվածությունների մասին երեք երկրների փոխվարչապետները կհայտարարեն եկող շաբաթ Մոսկվային։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button