Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Աշգաբատում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպամն ժամանակ։
Ռաիսին, իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։
Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության ու համակարգման զարգացման կարևորությունը։
Ռաիսին կարևորել է նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ հայտարարելով․ – «Երեք երկրները մշակութային, կրոնական և գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն, և չպետք է թույլ տալ խզել այդ հարաբերությունները, այլ դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։
Թուրքմենստանի մայրաքաղաքում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ փոխանցելու։