2022 թվականի համար Հայաստանի սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ: «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է այսօր։
Այս տարվա օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր»-ը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2022-ի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ:
Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր»ի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 մլն 137 հազար 566 խորանարդ մետր, նշված է ՀԾԿՀ հաղորդագրությունում։
Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով Կառավարությունը նոյեմբերի 18-ին որոշում է ընդունել։ Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021-ի նոյեմբերի 10-ին ստորագրվել է համաձայնագիր, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։
Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից։