ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Միշելը հայտարարել է «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի» մասնակիցների համար տեսագրված ուղերձում։
«Ձգձգված հակամարտությունները լուրջ մարտահրավեր են հանդիսանում «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի համար։ Պետք է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ ԵՄ պատրաստ է դերակատարություն ստանձնել հակամարտությունների կարգավորման, դրանք կանխելու ուղղությամբ», -հայտարարել է Շառլ Միշելը՝ հավելելով․ – «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վկայում են, թե որքան փխրուն է իրավիճակը։ Որևէ կասկած չունեմ՝ միայն քաղաքական երկխոսությունն է, որ կարող է հանգեցնել հարատև լուծման։ Երկու երկրների քաղաքացիական հասարակությունները ևս կարող են նպաստել դրան՝ կամրջելով հանրությունները և աջակցելով հաշտեցմանն ուղղված ջանքերին»։
Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև համաձայնել էին ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ: