Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ռեջեփ Էրդողանի առաջարկին։
«Որպես միջնորդ, կամ ուղղակի այս հարցի շուրջ կողմերի հետ բանակցելով՝ մենք ուզում ենք մեր մասնակցությունն ունենալ այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում», – հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
Մարիա Զախարովան ի պատասխան պնդել է, թե Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Ռուսաստանը այդ հակամարտության կողմ չէ։
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանը որպես այդ հակամարտության կողմ ներկայացնելու փորձեր, ուստի այստեղ չի կարելի խոսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Թուրքիայի միջնորդության մասին։ Այնուամենայնիվ, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին։ Անկարան կարող է Կիևին հետ պահել Դոնբասի դեմ ագրեսիվ գործողությունների պլանից», – ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: