COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց․ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ բուսթեր պատվաստման ուղեցույցը:
Ըստ այդմ, կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումից հետո քովիդով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ բուստեր պատվաստանյութ COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց։ Իսկ COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո քովիդով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, երկրորդ դեղաչափից 6 ամիս անց էլ՝ բուստեր դեղաչափով պատվաստում՝ նույն կամ այլ պատվաստանյութով։
Առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։