Մինսկում Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ։
«Բախշալիևն ու Վոլֆովիչը համակողմանիորեն քննարկել են տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության հարցերը, երկու երկրների անվտանգության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները», – հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ռազմավարական գործընկերությանը, կապերի ամրապնդմանը և պաշտպանության ու իրավապահ ոլորտներում համատեղ նախագծերի մշակմանը։
Հայաստանի հետ միևնույն տնտեսական և ռազմական դաշինքներին անդամակցող Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց, Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։
«Ադրբեջանը կարող է մեզ համարել իր ամենամտերիմ բարեկամը, Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար», – շարունակ կրկնում է Բելառուսի նախագահը: