Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը:
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչների՝ վարակվածը տուն՝ Կալիֆորնիա է վերադարձել Հարավային Աֆրիկայից: Վերադարձից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, որը հարուցել է «օմիկրոնը»։
Վարակված ամերիկացին հիվանդության մեղմ ախտանիշներ ունի:
Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ինֆեկցիոն հիվանդությունների գծով Ամերիկայի գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ «օմիկրոնով» վարակվածը լիովին պատվաստված է եղել, սակայն չի ստացել պատվաստանյութի երրորդ՝ «բուսթեր» չափաբաժինը։
Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը վատանում է։ «Օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Ֆրանսիան ընդլայնում է բնակչությանը վերապատվաստելու գործընթացը և խստացնում երկիր մուտքի կանոնները։ Պորտուգալիայում ծովային և օդային ճանապարհով ժամանողները՝ ինչպես չպատվաստված, այնպես էլ՝ պատվաստված, պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Սլովակիան դեկտեմբերի 1-ից երկշաբաթյա ինքնամեկուսացման կանոն է սահմանել Հարավային Աֆրիկայից, Իսրայելից, Հոնկոնգից և Սեյշելյան կղզիներից ժամանողների համար։ Կովիդի դեմ պատվաստվածները նույնպես պետք է անցնեն այն:
Նոյեմբերի կեսին Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակը` «օմիկրոնը» նախորդներից ավելի արագ է տարածվում ու մուտացիաների ենթարկվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շատ բարձր է գնահատել նոր շտամի վտանգավորության աստիճանը, միաժամանակ արձանագրել, որ գիտնականներն առայժմ շատ քիչ բան գիտեն դրա տարածման ու փոխակերպումների վերաբերյալ։ Նոր շտամի տարածումը կանխելու նպատակով տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակել են քաղաքացիների մուտքը Հարավային Աֆրիկայից։