Բաքուն դրական է գնահատում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը և պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը մի հարց է, որը բխում է Հայաստանի շահերից։ Ադրբեջանն իր կողմից կներդնի ջանքեր՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», – ասել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։
Հաջիևը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ քայլերի է պատրաստ Ադրբեջանը։ «Մենք դրական ենք գնահատում Սոչիում կայացած վերջին եռակողմ հանդիպումը։ Եզրափակիչ հայտարարության մեջ ամրագրված դրույթները, ինչպես նաև քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ կա դրական զարգացում մեր նպատակներին հասնելու հարցում»,-ասել է Իլհամ Ալիևի խորհրդականը` հավելելով. «Հայաստանը պետք է լիովին գիտակցի, որ տարածաշրջանում աշխարհքաղաքական իրադրությունը լիովին փոխվել է»։