Կառավարության այսօրվա որոշմամբ, 1.4 միլիարդ դրամ կամ 2.9 միլիոն դոլար հատկացվեց Առողջապահության նախարարությանը` կորոնավիրուսի դեմ «Սինոֆարմ» ընկերության 400 հազար դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերելու համար։
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։
Առողջապահության նախարարի հրամանով՝ չպատվաստված աշխատողներն դեկտեմբերի 1-ին գործատուին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն 7 օրը մեկ անգամ` նախկին`14 օրվա փոխարեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պատվաստման հետ կապված շոշափելի արդյունքներ կան․ – «450 հազարի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 հազարին»։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ առաջին դեղաչափն ընդունել է չափահաս բնակչության 40 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 23,9 տոկոսը։