Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում մասնակցում է իր դեմ հարուցված քրեական գործերից մեկով լսումներին։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը «բաճկոնների գործի» մասին է, որով Վրաստանի նախկին առաջնորդը մեղադրվում է պետական միջոցների մսխման համար։ Մեղքը ապացուցվելու դեպքում քաղաքական գործչին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում։
Ըստ քրեական գործի, պաշտոնավարման տարիներին նախագահ Սաակաշվիլին տասնյակ հազարավոր դոլարներ է վատնել շքեղ հյուրանոցներում ու հանգստավայրերում հանգստանալու, կոսմետոլոգիական կլինիկաներ այցելությունների և հագուստի գնման համար։
«Սաակաշվիլիի ոճաբան Ալի Քամալի ծառայությունների դիմաց պետական բյուջեից դուրս է գրվել 43 հազար դոլար, իսպանացի խոհարար Սերխիո Կալդերոն Լատասին վճարվել է 110 հազար դոլար, Պերուում վարձված ուղղաթիռի սպասարկման ծախսերը կազմել են 19 հազար դոլար, Իտալիայում զբոսանավի վարձավճարը՝ 14 հազար դոլար: Պետական բյուջեից 290 հազար դոլար է ծախսվել օդանավերի լիզինգի և 20 հազար դոլար՝ Սաակաշվիլիի արտերկրյա այցերի ընթացքում նախագահի համար հեծանիվների վարձույթի դիմաց», – հայտարարել էր վրացական դատախազությունը:
Սահակաշվիլին բոլոր մեղադրանքները անհեթեթ է որակել՝ պնդելով, որ Վրաստանի իշխող վարչակազմն այդկերպ ցանկանում է խարխլել կոռուպցիայի դեմ պայքարողի իր հեղինակությունը։