Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ընկերության անշարժ գույքերի ձեռքբերման գործընթացում առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք բացահայտելու մասին։
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ հայաստանյան կազմակերպություններից մեկի համահիմնադիրները, տեղյակ լինելով, որ երկրում գործող տնտեսվարող կազմակերպություններից մեկը հետաքրքրված է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարան» ընկերության՝ հարկադրված սնանկությամբ պայմանավորված աճուրդով վաճառքի հանված անշարժ գույքերը ձեռք բերելու գործընթացով, 99 միլիոն 635 հազար 200 և 131 միլիոն 179 հազար 315 դրամ արժեքներով արտադրամասի, հողամասի առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերել համապատասխանաբար 4135,5 քմ մակերեսով նախկին գործարանի արտադրամասն իր 0,28 հա հողատարածքով և 9766,2 քմ մակերեսով արտադրամասն իր 1,28 հա հողատարածքով:
«Նշված կազմակերպության համահիմնադիրները, նախնական համաձայնության գալով վերոնշյալ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տնտեսվարող կազմակերպության աշխատակիցների հետ, օգտագործելով հիշյալ կազմակերպությունում իրենց հեղինակությունը, կառավարման մարմինների հետ ունեցած հարաբերությունները, չարաշահել են նրանց վստահությունը և ազդելով նրանց գիտակցության վրա, մոլորեցնելու եղանակով համաձայնություն են ստացել վերջիններից իրենց կողմից ձեռք բերված անշարժ գույքն իրենց ցանկալի արժեքով այդ կազմակերպությանը վաճառելու վերաբերյալ: Այնուհետև, կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով նախկինում 99 միլիոն 635 հազար 200 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված անշարժ գույքը 165 միլիոն 260 հազար 400 ՀՀ դրամով, իսկ 131 միլիոն 179 հազար 315-ը ՝ 398 միլիոն 739 հազար 600 ՀՀ դրամով վերավաճառել են կազմակերպությանը՝ այդ կերպ ընկերությունից խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 334 միլիոն 185 հազար 485 ՀՀ դրամը», – ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ, շարունակում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, «նյութերով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2017 թվականին Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման և համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման, միանձնյա որոշմամբ քանդման թույլտվություն է տվել կազմակերպությանը, որպիսի պայմաններում կազմակերպությունը ապամոնտաժել է Սպիտակ քաղաքի նախկին «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի շինությունները և դրանք տեղափոխել այլ վայր»:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե: