Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել «ազատագրված տարածքներում մշակութային հուշարձանների ոչնչացման հետ կապված», հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը։
«Այդ հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար պետք է մոնիտորինգ իրականացվի, այն պետք է իրականացվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի արտացոլված տեղեկատվությունը հավաստի լինի, հետևաբար մենք պետք է ավարտենք մոնիտորինգի գործընթացը: Բոլոր այդ ապացույցները հավաքվելուց հետո համապատասխան հայցեր կներկայացվեն միջազգային կազմակերպություններին», – APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարը։
Երևանն ու Ստեփանակերտն իրենց հերթին են մեղադրում Բաքվին հայկական մշակութային հուշարձանները ոչնչացնելու համար։
Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցն օրերս բարձրացրեց նաև Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում։
Ըստ Արցախի օմբուդսմենի զեկույցի, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։