Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը միջուկային ծրագրի թեման այսօր հեռախոսով քննարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Աբդոլահիանը նշել է, որ «բանակցությունները լավ են ընթանում, սակայն դանդաղ են»: Նախարարը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրամիության արտաքին ծառայությանը:
Նա ասել է, թե իրանական կողմի նպատակն է «ապահովել բոլոր անարդար պատժամիջոցների չեղարկումը»:
Իրանը և գերտերությունները բանակցությունների 7-րդ փուլն ավարտել են Վիեննայում և, ըստ իրանական մամուլի, կարող են արդեն հաջորդ շաբաթ շարունակել քննարկումները:
Իրանը և գերտերությունները 2015 թվականին կնքել են միջուկային պատմական պայմանագիրը, որով իրանական կողմը պետք է սառեցներ միջուկային ակտիվությունը և հատկապես ուրանի հարստացումը: Գերտերություններն, իրենց հերթին, պետք է աստիճանաբար հրաժարվեին տնտեսական պատժամիջոցներից, ինչը Թեհրանին կընձեռեր աշխարհի հետ առևտուր անելու և սոցիալ-տնտեսական կացությունը բարելավելու հնարավորություն:
2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Միացյալ Նահանգների մասնակցությունը պայմանագրին, ասելով, թե Իրանը պայմանագիրն օգտագործում է ժամանակ ձգելու և ատոմային ռումբ ստեղծելու համար:
Թրամփը վերականգնել ու խստացրել է պատժամիջոցներն, ինչից հետո Իրանը վերականգնել է ուրանի հարստացումը:
Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենը հայտարարել է, որ նպատակահարմար է վերականգնել պայմանագիրը: