ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Ազատությունը» մասնավորապես հետքրքրվել էր Հունանյանից, թե այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Ստոկհոլմում նախատեսվո՞ւմ է։
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինն ավելի վաղ Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում։ Սա կլինի չորրորդ հանդիպումը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։
Եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու՝ ինչ իրավիճակ է տեղում նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, և ինչ է անում Բրյուսելը Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։