Առնվազն 30 երկրներում գրանցվել են կորոնավիրուսի նոր տեսակի՝ օմիկրոնի դեպքեր: Այդ տեսակն առաջին անգամ ի հայտ է եկել անցած շաբաթվա ընթացքում:
Օմիկրոնով վարակվելու մասին հաղորդագրություններ են ստացվել Հնդկաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Դանիայից և տասնյակ այլ պետություններից:
Մադրիդում օմիկրոնով ախտահարվել է մի բնակիչ, ով AstraZeneca պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել: Ըստ բժիշկների, այդ 62-ամյա տղամարդը հեշտ է տարել հիվանդությունը:
Ֆրանսիայում հենց օդակայանում օմիկրոն են հայտնաբերել մի ուղևորի մոտ, ով վերադարձել է Աֆրիկայից: Նա էլ մինչ այդ պատվաստանյութ է ստացել: Այդ մարդը հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա առողջական վիճակը բավարար է: Ըստ մասնագետների, օմիկրոնի շտամը Եվրոպա է հասել Աֆրիկայի մայրցամաքից:
Omicron-ը հունական այբուբենի 15-րդ տառն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին է կորոնավիրուսի նոր տեսակը դասակարգել այդ տառով:
Մասնագետները դեռ հստակ չեն պարզել այդ շտամի վարակելիության և վտանգավորության աստիճանը: