Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի իր գործընկերոջ՝ Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։
Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը», – ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ «ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին»։
Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Միրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։