Այսօր 65-ամյա մի արցախցի մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջոցներ է ձեռնարկում նրան վերադարձնելու ուղղությամբ։
Արցախի ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին հաղորդումը ստացվել է ժամը 13-ին, ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արցախցին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է Արցախի ԱԱԾ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարում է, թե այսօր Մարտունու շրջանում ադրբեջանցի զինծառայողը հարձակման է ենթարկվել ծագումով հայ անձի կողմից և ինքնապաշտպանության նպատակով «չեզոքացրել է հարձակվողին»։ Ադրբեջանական կողմը ևս միջադեպի մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ինչպես նաև հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնին։