Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի արտգործնախարար Միխայել Լինհարտին է ներկայացրել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Միրզոյանը Ստոկհոլմում է ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանն անդրադարձել է նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության հարցերին։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի և Խորվաթիայի արտգործնախարարների հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ՝ կարևորելով նաև ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։