Բելգրադի դատարանը մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների երկարամյա ազատազրկման է դատապարտել 1999 թվականին տեղի ունեցած լրագրողի սպանության համար։
Մի շարք անկախ լրատվամիջոցների հիմնադիր և լրագրող 49-ամյա Սլավկո Չուրուվիան սպանվել է Բելգրադի կենտրոնում։ Նա հայտնի էր որպես Սերբիան այդ ժամանակ նախագահող Սլոբոդան Միլոշևիչի կոշտ քննադատ։
Բելգրադի հատուկ դատարանի դատական պալատը այդ վճիռը հրապարակում է լրագրողի սպանությունից ավելի քան երկու տասնամյակ անց՝ մեղավոր ճանաչելով պետական անվտանգության երեք նախկին աշխատակիցների։
Երկրի հատուկ ծառայության նախկին ղեկավար 75-ամյա Ռադոմիր Մարկովիչը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, նրա երեք նախկին ենթականները՝ ուժային կառույցում բարձր պաշտոններ զբաղեցրած Միլան Ռադոնիչը, Ռատկո Ռոմիչը և Միրոսլավ Կուրակը դատապարտվել են համապատասխանաբար 30, 20 և 20 տարվա ազատազրկման։ Կուրակը թաքնվում է դատարանից և դատապարտվել է հեռակա։
Չուրուվիայի գործը առաջինն է, երբ Սերբիայում բացահայտվում է լրագրողի սպանությունը։ Այդ գործով հետաքննությունը սկսվել է սպանությունից երկու տարի անց՝ Միլոշովիչի ռեժիմի տապալումից հետո։ Ամբաստանյալները կտրականապես հերքում են իրենց մեղքը։ Դատավարությունից հետո Մարկովիչի փաստաբանը հայտարարել է, որ լրագրողին սպանողները դատարանի դահլիճում չէին։