Արցախի և ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ Ճարտար քաղաքի բնակչի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն, հայտնում է Արցախի դատախազությունը:
Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:
«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը», – ասված է հաղորդագրությունում:
Արցախի դատախազությունը ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից «կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են այդտեղ հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Արցախի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները», – ասված է հաղորդագրությունում:
Տեսանյութը և մյուս ապացույցները, ըստ դատախազության, առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել: