Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել առնվազն 20 «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք, այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում և ռազմա-արդյունաբերական շրջանակներում իր աղբյուրները։
Թուրքական Baykar ընկերությունը, գրում է Bloomberg-ը, 2019 թվականից Ուկրաինային «տասնյակ անօդաչու թռչող սարքեր է վաճառել՝ կառավարման կայանների և հրթիռների հետ միասին» և «առնվազն ևս երկու տասնյակ անօդաչու սարքերի պատվերներ նախապատրաստական փուլում են»։
Լրատվամիջոցի թուրքական կառավարության աղբյուրը հայտնել է նաև, որ նախապատրաստական փուլում են գտնվում այլ գործարքներ ևս՝ թուրք-ուկրաինական համատեղ արտադրության վերաբերյալ, ինչը կարող է օգնել Թուրքիային հետագայում բալիստիկ հրթիռների ստեղծման գործում, նշում է Bloomberg-ը։
Սեպտեմբերին Կիևն ու Անկարան Bayraktar (Բայրաքթարներ) անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են արդեն «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն։ Հոկտեմբերին արդեն Կիևը հայտարարեց Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ առաջին անգամ «Բայրաքթար» կիրառելու մասին:
Պաշտոնական Կիևը չէր թաքցնում՝ «Բայրաքթար»-ներ ձեռք բերելու որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ամիսներ առաջ պնդում էր, թե այդ սպառազինության արդյունավետությունը այլևս կասկածի տեղիք չի թողնում: