98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից մեկը՝ նախկին սենատոր և նախագահության թեկնածու Բոբ (Ռոբերտ) Դոուլը։
Հանրապետական Դոուլը առաջիններից էր, որ նախորդ դարի 80-ականներին Վաշինգտոնում լոբբիստական ակտիվ գործունեություն ծավալեց հանուն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման։
Այս տարվա հունիսին Washington Post թերթում հրապարակված հոդվածում Դոուլի այդ ջանքերը բնութարգրվել էին, որպես « Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված մոռացված պայքար»։
1989-ի սկզբին՝ Սպիտակի երկրաշարժից շաբաթներ անց, Դոուլը այցելել էր Հայաստան՝ ամերիկյան մարդասիրական օգնության հերթական չափաբաժինը տրամադրելով աղետից տուժածներին։
Դոուլը երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր, դրա ընթացքում նա ծանր վիրավորում էր ստացել, ինչի հետևանքով ընդմիշտ պարալիզացվել էր նրա աջ ձեռքը, ռազմական բժիշկները հեռացրել էին նրա երիկամներից մեկը։ Ստացված վնասվածքները, սակայն, Դոուլին չէին խանգարել ներգրավվել ակտիվ քաղաքականության մեջ։
1961-ից 1969 թվականներին Բոբ Դոուլը Ներկայացուցիչների պալատի անդամ էր,1969-ից 1996 թվականներին էլ Սենատում ներկայացնում էր իր հայրենի Քանզաս նահանգը։
1996 թվականին Դոուլը հանրապետական կուսակցության կողմից առաջադրվեց որպես նախագահության թեկնածու՝ պարտվելով այն ժամանակվա գործող նախագահ Բիլ Քլինթոնին։
Դոուլը հայտնի էր ամենաբարդ պահերին հումորի զգացողությունը չկորցնելու կարողությամբ։ 1996-ին պաշտոնապես ընդունելով նախագահական ընտրությունների ընթացքում կրած պարտությունը՝ Դոուլը հայտարարել էր․ – «Վաղն իմ կյանքի առաջին օրը կլինի, երբ ես որևէ զբաղմունք չեմ ունենա»։
Նախագահ Ջոզեֆ Բայդենի հրահանգով այսօր Վաշինգտոնում իջեցվել են բոլոր պետական գերատեսչությունների շենքերի վրա տեղադրված պետական դրոշները՝ որպես Բոբ Դոուլի հանդեպ հարգանքի նշան։