Վանաձորում երեկվա ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 3-ն են հաղթահարել անցողիկ 5 տոկոսի շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը՝ 25.06 տոկոսով և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոսով։
Այս դեպքում կուսակցություններից ոչ մեկի թեկնածուն, նաև առավելագույն ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանը, չի կարող առանց այլ ուժի ձայների ընտրվել քաղաքապետ:
Նախընտրական շրջանում թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, և թե՛ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել են, որ քաղաքական ուժերի հետ կոալիցիայի հետ կապված նախնական պայմանավորվածություն չունեն։
Քվեների թվով երրորդ քաղաքական ուժի ընտրական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը 2016 թվականի ընտրություններին Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուն էր։ Թեև այդ ժամանակ «Հայկական Վերածնունդն» իրեն ընդդիմադիր էր հռչակել, բայց առավելագույն ձայներ ստացած Հանրապետական կուսակցության հետ համագործակցության հուշագիր ստորագրեց ու Արկադի Փելեշյանը նշանակվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
Այժմ հավանականություն կա, որ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն» իր ստացած մանդատներով կմիանա նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, սակայն նախընտրական շրջանում խոսակցություններ կային, որ Մամիկոն Ասլանյանի և իր տեղակալի միջև տարաձայնություններ կան, չի բացառվում, որ Փելեշյանն իր ձայները տա «Քաղաքացիական պայմանագրին»։
Մամիկոն Ասլանյանի մյուս տեղակալը՝ Արման Բերնեցյանը ևս Փելեշյանի գլխավորած ցուցակում է։ Նա ցուցակի երկրորդ համարն է։
Վանաձորում ընտրողների թիվը 92 202 էր։ Քվեարկությանը մասնակցել է նրանց 36 տոկոսը։