Վաղ առավոտից գերիների և անհետ կորածների հարազատները Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց են անցկացնում, նրանք պահանջում են հանդիպում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ՝ երեկ տարածված տեսանյութում արված հայտարարությունների համար բացատրություններ ստանալու։
Հավաքվածներին լսեց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը և խոստացավ նրանց պահանջը փոխանցել Ալեն Սիմոնյանին։
Մինչ այդ նրանք զրուցեցին, անգամ մի պահ զրույցը թեժացավ, անհետ կորածների հարազատներն իշխանություններին մեղադրեցին թույլ լինելու մեջ՝ նշելով, որ մեկ տարի երկու ամիս է՝ նրանք, փաստորեն, գերիներին վերադարձնել չեն կարողանում։
Արսենյանը, խոսելով հայտնի տեսանյութի մասին, նշեց, որ զինծառայողի դասալիք լինելու մասին կարելի է պնդում անել միայն համապատասխան քննությունից հետո, և որ նման գնահատական կարող է միայն իրավապահ համակարգը տալ։
Գերիների և անհետ կորածների հարազատները շարունակում են խորհրդարանի դիմաց մնալ, սպասում են հանդիպման ԱԺ նախագահի հետ, չնայած առայժմ հստակ չէ՝ արդյոք Սիմոնյանը պատրաստ է ընդունել նրանց։