Չինաստանը դատապարտել է Ձմեռային օլիմպիադան դիվանագիտական մակարդակով բոյկոտելու Ավստրալիայի կառավարության որոշումը և այն անվանել է «քաղաքական շահարկում»:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ կառավարությունն այդօրինակ որոշում է կայացրել, հաշվի առնելով Չինաստանում Սինցզյանի ինքնավար շրջանում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու և ավստրալական արտադրանքի ներմուծումը խոչընդոտելու հանգամանքները:
«Չինաստանը չի հրավիրել Ավստրալիայի պաշտոնյաներին Պեկինի Ձմեռային օլիմպիադան դիտելու համար, կգան, թե չեն գա, դա նրանց գործն է, ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասել է արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը և ավելացրել. «Ավստրալացի քաղաքական գործիչներն իրենց սեփական շահերից ելնելով քաղաքական շահարկումների են դիմում»:
Չինաստանը կտրականապես հերքում է Սինցզյանի ինքնավար շրջանում ույղուրների իրավունքները ոտնահարելու մասին արևմտյան երկրների ղեկավարների պնդումները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներն է հայտնել Պեկինի Ձմեռային օլիմպիադան դիվանագիտական մակարդակով բոյկոտելու մասին:
«Դիվանագիտական բոյկոտը» ենթադրում է, որ այդ քայլին դիմող երկրի մարզիկները և մարզիչները մասնակցելու են մրցումներին, սակայն պաշտոնատար անձինք խաղերին ներկա չեն լինի: