Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հետ։ Այս մասին երեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, ըստ որի պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու և գործը տանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ սահմանազատման՝ հետագա սահմանագծմամբ, երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Խնդիրը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ», – ասել է նա։
Հայաստանի փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանները բացելու դեպքում փոխադրումներն ապահովելու խնդիրների մշակմամբ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում դեռ չի եղել», – ասել է Գրիգորյանը։