Պաշտոնական Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է ձգտել վերստեղծել Խորհրդային Միությունը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
«Մտահոգությունն այն է, որ նա [Պուտինը], որպես իր ժառանգության նախագիծ, իրականում ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը», – ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Նուլանդը՝ շարունակելով. – «Հետևաբար, ես հավատում եմ, որ այստեղ է միասնությունը, Միացյալ Նահանգներում, Ուկրաինայում մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասնությունը, ինչպես նաև այնքան կարևոր են [Ուկրաինայի դեմ ագրեսիայի] էական հետևանքները, որոնց մասին մենք խոսում ենք»։
ԽՍՀՄ-ը վերստեղծելու Մոսկվայի ենթադրյալ ցանկության մասին հայտարարություններ Վաշինգտոնում առաջին անգամ չէ, որ հնչում են։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այս տարվա փետրվարին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԱՊՀ երկրների հետ հավասար համագործակցության օգտին և մտադիր չէ վերստեղծել Խորհրդային Միությունը, ինչպես փորձում է ներկայացնել Արևմուտքը։