Թուրքիայի արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրադրությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ըստ պաշտոնական Բաքվի, մասնավորապես, Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել «3+3» ձևաչափի իրագործման շուրջ՝ տարածաշրջանի երեք երկրների և նրանց երեք հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։
«Նախարարները նաև քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում Պակիստանում կայանալիք արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։