Ծանր վիրավորանքի հոդվածով մինչև դեկտեմբերի 1-ը հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի

Օգոստոսի 31-ին ծանր վիրավորանքը քրեականացնող օրենսդրական փոփոխության՝ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո մինչև դեկտեմբերի 1-ը տվյալ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 166 քրեական գործ, որոնցից 154-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 5-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան և դատական քննության փուլում է:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ քննվող քրեական գործերով 137.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի:

Ընդհանուր առմամբ տվյալ ժամանակահատվածում արձանագրվել է 137.1 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք։ Դրանցից 56-ի պարագայում առերևույթ ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց: Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, այդ թվում՝ 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը ՝ բողոքի բացակայության հիմքերով:

Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Ընդ որում՝ տվյալ հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը, նշում է դատախազությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button