Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։

Առցանց անցկացվող միջոցառման իր ելույթում Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության համար Հայաստանը պայքարել է իր ժամանակակից պատմության ողջ ընթացքում, իսկ մասնավորապես վերջին 3 տարում հայերը ընտրել են ժողովրդավարությունը ավտորիտարզմի փոխարեն 2 անգամ։

«Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է», – ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով:

«Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի», – նշեց Փաշինյանը:

Սակյան Փաշինյանը նաև նշեց, որ ժողովրդավարությունն ամրապնդելու ջանքերում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնցից ամենամեծը՝ անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։

«Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք», – ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովին Փաշինյանից բացի ելույթ ունեցան ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանի նախագահը։ Երկու գերտերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը, հրավեր չեն ստացել և Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների մակարդակով քննադատել են համաժողովի գաղափարը՝ National Interest ամերիկյան պարբերականում հրապարակելով համատեղ հոդված։

«Ամերիկացիների այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպի մեջ: Դեմոկրատիան մեկ երկրի կամ մի քանի երկրների խմբի մենաշնորհը չէ, այն կարող է իրականացվել տարբեր ձևերով, չկա օրինակ, որը պետք է պարտադրվի մյուս երկրներին», – գրել են Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններ Անատոլի Անտոնովն ու Ցին Գանը։

Համաժողովն այսօր կավարտվի Ջո Բայդենի ամփոփիչ ուղերձով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button