Ցուցարարները երեկ սպառնացել են փակել վիրավոր զինվորին Երևան տեղափոխող մեքենայի ճանապարհը, բուժօգնությունն ուշացել է

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք իմանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինծառայողին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են այդ մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։

«Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից», – շեշտում է Պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով , իինչպես արդեն հաղորդվել է, հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button