Բոսնիացի սերբերը մտադիր են հետ կանչել այն լիազորությունները, որոնք պատվիրակվել էին երկրի կենտրոնական իշխանություններին 1992-ից 95 թվականներին պատերազմից հետո։
Ուրբաթ օրը կայացած նիստի ընթացքում Բոսնիայի Սերբական հանրապետության խորհրդարանը քվեների մեծամասնությամբ հանձնարարել է կառավարությանը պաշտոնական Սարաևոյից հետ վերցնել Զինված ուժերին, ինչպես նաև հարկային և իրավական ոլորտներին վերաբերող լիազորությունները։
Այդ գործընթացը, ըստ տեղացի պատգամավորների, պետք է շարունակվի վեց ամիս։ Այդ ժամկետի ավարտին Բոսնիայի կազմում գտնվող Սերբական հանրապետությունը կարող է սեփական Զինված ուժեր ստեղծելու տեսական հնարավորություն ստանալ։
Միջազգային հանրության ներկայացուցիչների պնդմամբ՝ բոսնիացի սերբերի այս քայլը խախտում է 1995-ին կնքված Դեյտոնի համաձայնագրի հիմնարար դրույթները։
«Առաջին վեց ամիսներին մենք կքննարկենք, թե երկու հնարավոր տարբերակներից որ մեկն է հարկավոր ընտրել․ կամ ձևավորել Բոսնիայի Սերբական հանրապետության Զինված ուժեր, կամ էլ շրջանառության մեջ դնել մի օրենք, որով Բոսնիան ընդհանրապես ապառազմականացվում է», – խորհրդարանում կայացած քվեարկության ավարտին հայտարարում էր Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը։
Դեյտոնյան պայմանագրի համաձայն՝ Բոսնիան կազմված է երկու վարչական միավորներից՝ Սերբական հանրապետությունից և Խորվաթա-մահմեդական դաշնությունից։ Այս կազմավորումները լայն ինքնավարությամբ են օժտված՝ բացառությամբ սեփական բանակ ունենալու և ինքնուրույնաբար հարկահանություն իրականացնելու իրավունքները։