Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է, պնդում է Բայրամովը

Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովի պնդմամբ՝ Հայաստանը մինչ օրս դա թույլ չի տալիս տարբեր պատրվակներով։

«Չնայած ադրբեջանական պետության նախաձեռնած կառուցողական բանակցություններին՝ մենք դա չենք տեսնում հակառակ կողմից։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ սահմանին սադրանքներ են իրականացվում Հայաստանի կողմից։ Դա շատ տհաճ է։ Այդ սադրանքների արդյունքում մարդիկ են զոհվում», – ասել է Բայրամովը՝ հավելելով, թե Հայաստանը «սովորաբար ուժեղացնում է սադրանքները ավելի վաղ հայտարարված ժամկետներից և բանակցություններից առաջ»։

«Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով ոչնչի չի հասնի։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման գործողություններից», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նախօրեին նույն բնույթի հայտարարությամբ էր հանդես եկել Բայրամովի ղեկավարած գերատեսչությունը։

Անցնող շաբաթ Հայաստանի արևելյան սահմանին փոխհրաձգությունների հետևանքով յուրաքանչյուր կողմից, պաշտոնական տվյալներով, մեկ զինծառայող է զոհվել, հայկական կողմը հաղորդել է նաև մեկ տասնյակ վիրավորների մասին։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի խախտումների համար։

Հայաստանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը հրապարակած հայտարարությամբ դատապարտել է «Ադրբեջանի սադրիչ գործողությունները» և արձանագրել, որ դրանք կրում են պլանավորված բնույթ ու տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն: Պաշտոնական Երևանը Բաքվին կոչ է արել զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Հայաստանը նաև քանիցս ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու պատրաստակամություն է հայտնել և շեշտել է, որ գործընթացին խոչընդոտում է Բաքուն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button