Մայրաքաղաքի ավտոբուսների մի շարք երթուղինների վարորդներ այսօր աշխատանքի դուրս չեն եկել։ Նրանք առավոտից հավաքվել են Ջրվեժի ավտոկայանում, աշխատավարձի բարձրացում և առհասարակ պայմանների բարելավում են պահանջում՝ նշելով երկրում թանկացումներ են, հետևաբար իրենց եկամուտն էլ նվազել է։
«Նախկինում, երբ պլանով էի աշխատում, մեկ ամսվա եկամուտս հասնում էր մինչև 350 հազարի, հիմա եկամուտս նվազել է», – «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ տեղեկացնելով՝ այժմ փակ հանդիպում է ընթանում քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի հետ։
Երևանի քաղաքապետարանն այսօր տարածած հայտարարությունում նշել է, որ առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Քաղաքապետարանը սաբոտաժ է որակել վարորդների այս քայլը՝ նշելով՝ այն «անընդունելի է և չի կարող արդյունք տալ»։
Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հանրային տրանսպորտի վարորդներին ներկայումս վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 հազար դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։
Անդրադառնալով վճարման նախկին «պլանային»՝ նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ, համակարգին վերադառնալու վարորդների առաջարկին՝ Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ «վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ»։
«Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները», – նշում է Երևանի քաղաքային իշխանությունը՝ շեշտելով՝ աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։