Կալանավորվել են Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության, նախարարության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021-ի հուլիսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։
Այդ նպատակով, ըստ կոմիտեի, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են 44-օրյա պատերազմի արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6 միլիոն 726 հազար դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։
Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն և դեպի հետ առնչություն ունեցող Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով [պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ], Ա.Կ.-ին` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով] և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը], Տ.Պ.-ին՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին՝ Քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին՝ Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է։