Ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է վերջիններիս ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով ( շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանությունը):
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել են: