Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2022 թվականի սկզբին կայցելի Ուկրաինա՝ ռազմավարական մակարդակի բանակցությունների նպատակով, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այդ այցը անվտանգության համատեքստում և Ղրիմի հարցում», – հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Չնայած ռուս-թուրքական ջերմ հարաբերություններին, Կիևն, ի դեմս Անկարայի, վստահելի դաշնակից ունի ոչ միայն Ղրիմի, այլ նաև ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։
Երկու երկրները վերջերս «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել։ Հաջորդ փուլում երկու երկրները նախատեսում են «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն։
Մինչ այդ Կիևն Անկարայից արդեն մի քանի տասնյակ «Բայրաքթար»-ներ է ձեռք բերել, նաև ռազմական կարճալիք ռադիոկայաններ, գիշերային տեսանելիության սարքեր և այլ տեխնիկա։
Անցած ամիս Թուրքիայի նախագահը առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում: Մոսկվան անընդունելի է համարել առաջարկը, պնդելով, որ «թույլ չի տա Ռուսաստանը որպես հակամարտության կողմ ներկայացնելու փորձեր»։