Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացել է դատախազություն։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացնում են գերատեսչությունից։
«Ինչպես գիտեք, համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Ինչն ընթացքի մեջ է: Պարոն Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը», – տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում տեղադրված են հրավերներ, որոնք հասցեագրվել են նաև Օհանյանի կնոջը, նրա հետ փոխկապակցված անձանց։
Նրանց գույքը, դատախազության խնդրանքով, դատարանը կալանքի տակ է առել։ Թե ինչ գույքի մասին է խոսքը, ծանուցագրերում չի նշվում։