Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը`անդրադառնալով Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցին։
«Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա», – ասել է Հունանյանը։
Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր Ադրբեջանին՝ դիտորդի կարգավիճակում ԵԱՏՄ հրավիրելու հնարավորություն տեսել։
«Իրադարձություն է, որ մեր եղբայրական և հարևան Ուզբեկստանը ստացել է դիտորդ պետության կարգավիճակ ԵԱՏՄ-ում», – Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել էր Նազարբաևը՝ շարունակելով․ – «Ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում բանակցել Ադրբեջանի հետ, որ նրանք էլ դառնան դիտորդ ԵԱՏՄ-ում։ Ուզբեկստանի օրինակը պետք է ոգեշնչի»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նազարբաևի խոսքին հաջորդած իր ելույթում այս առաջարկին չարձագանքեց։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։